AM
14 Օգոստոս 2025 - 11:51 AMT

«Կիբեռանվտանգության մասին» օրենք նախագիծ է մշակվել․ Նոր մարմին կստեղծվի

Կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն կիրականացվի։ Գործադիրը հավանություն տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից նախագծերի փաթեթին։ Նոր կարգավորումներով հստակ սահմանվելու են կենսական նշանակություն ունեցող ոլորտներն ու պետական և մասնավոր հատվածների կրիտիկական ենթակառուցվածքները։

Ուսումնասիրվել և հաշվի է առնվել Էստոնիայի, Մոլդովայի, Սինգապուրի, Ալբանիայի,Վրաստանի, Ուզբեկստանի և այլ երկրների միջազգային փորձը:

Օրենքով ներդրվելու են ԻՍՕ 27,001 և այլ միջազգային ստանդարտներ, որոնցով կպաշտպանվեն պետական ապարատն ու քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ընկերությունները։

Նոր ստեղծվելիք Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը կունենա հանձնաժողով, որի անդամներին կընտրի Ազգային ժողովը։

Որոշմամբ առաջարկվում է, որ նոր ձևավորվող մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվեն տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներ, իսկ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը կհամարվի պետական ծառայության առանձին տեսակ, որի առանձնահատկությունները սահմանվում են Նախագծով: Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները կհամարվեն քաղաքացիական ծառայողներ:

Որոշման ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբեռանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբեռմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբեռվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։