ՀՀ-ն ու Իրանը համաձայնության են հասել Արաքսի վրայով նոր կամուրջ կառուցելու շուրջ՝ նպաստելով երկու երկրի միջև տարանցիկ հաղորդակցությունների զարգացմանը, հայտնում է Radar-ը՝ իրանական Tasnim-ին հղումով։ Նշվում է, որ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։
Հանդիպմանը Իրանի ներկայացուցիչը կարևորություն է տվել Հյուսիս-Հարավ և Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքներին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ամրապնդել Հայաստանի ճանապարհային, երկաթուղային ու լոգիստիկ ենթակառուցվածքները՝ առևտրային հոսքերը դյուրացնելու նպատակով։
Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Մեղրի-Նորդուզ սահմանային հատվածում երկրորդ կամուրջ կառուցելու, գործող կամրջի արդիականացման, տերմինալների բարելավման և բեռնատարների վճարների ճշգրտման վերաբերյալ։
Նշված միջոցառումները միտված են երկու պետության բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացմանը, ինչպես նաև ամբողջական տարանցիկ փաթեթի ձևավորմանը, որը նախատեսվում է վերջնականացնել առաջիկա ամիսներին։
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Ջուղա-Երևան-Վրաստան երկաթուղու վերագործարկումը դիտարկել է որպես կարևոր գործոն տարածաշրջանային տարանցման խթանման համար։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է համարվել շրջադարձային պահ՝ երկու երկրների համագործակցության խորացման տեսանկյունից տրանսպորտային ու լոգիստիկ ոլորտներում։
Նրա խոսքով, Պարսից ծոցը Սև ծովին կապող ճանապարհային ուղին ունի ռազմավարական նշանակություն։ Իրանական կողմը տեղեկացրել է, որ երկաթուղին Ջուղայից արդեն հասանելի է, իսկ դրա շարունակությունը՝ Նախիջևանից Երևան, հաստատված է։
«Այս երկաթուղագիծը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Եվրոպայի միջև տարանցման գործում: Օդային տրանսպորտի ոլորտում պատրաստվել են նաև հուշագրերի նախագծեր, որոնք շուտով կստորագրվեն»,- ասել է Ֆարզանե Սադեղը։






