ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգումներ են անցկացրել «Մարիլա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որը տեղակայված է Կապանում։ Ստուգման ընթացքում իրականացվել է արտադրանքների նմուշառում, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
Լաբորատոր վերլուծությունները ցույց են տվել, որ «Թթվասեր» (արտադրված ՝ 14․08․2025) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Այս խախտման հիմքով դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի հիշյալ տեսակի արտադրական գործընթացը՝ մինչև բոլոր խախտումները վերացվեն։
Տեսչական մարմինը ներկայացրել է կարգադրագիր՝ արտադրանքի խմբաքանակները չիրացնելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ վերամշակելու վերաբերյալ։ Միաժամանակ՝ տրվել է հանձնարարական, որպեսզի արտադրատեսակը բերվի սահմանված նորմերին համապատասխան մակարդակի։






