AM
2 Սեպտեմբեր 2025 - 11:12 AMT

ՀՀ–ն և Ճապոնիան կվավերացնեն կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու նախագիծը։

Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում, հայտնում է Արմենպրեսը։

«Գիտեք, որ Կառավարության ծրագրով հարկային քաղաքականության համար ամրագրված է մի կարևոր ուղղություն՝ ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառության աշխարհագրությունը։ Սա հատկապես կարևոր է այն երկրների հետ, որոնց հետ ակնկալվում է տնտեսական կապերի ամրապնդում և ներդրումների ներգրավում։ Այս շրջանակում է, որ նախաձեռնվել և 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան»,– նշել է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նման փաստաթղթերը լուծում են երկու առանցքային խնդիր․ սահմանում են առավել բարենպաստ հարկային պայմաններ, քան ազգային օրենսդրությամբ նախատեսված է, ինչպես նաև ապահովում են կայուն և կանխատեսելի հարկային միջավայր՝ երկու երկրների բիզնեսների համար։

Մինչ օրս Հայաստանն առաջնորդվել է Ճապոնիայի և Խորհրդային Միության միջև գոյություն ունեցած համաձայնագրով, որն, իրավական պատճառներով, հայկական կողմը չի կիրառել։ Նոր նախաձեռնությամբ վերականգնվում է նմանատիպ փաստաթղթերի կիրառում Հայաստանում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված եզրակացության համաձայն՝ կոնվենցիան խթանելու է ՀՀ և Ճապոնիայի տնտեսական հարաբերությունների, առևտրի և ներդրումների զարգացումը։ Բացի այդ, այն լրացնելու է 2018 թվականին ստորագրված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը։