AM
2 Սեպտեմբեր 2025 - 13:42 AMT

Պետմարմիններին գույքն այլևս անհատույց չի տրամադրվի, կտրվի վարձակալությամբ

Պետական գույքի կառավարման համակարգային փոփոխություն է նախատեսվում: Պետական գույքի անհատույց տրամադրումից անցում է կատարվում պետական մարմիններին և կազմակերպություններին վարձակալական հիմունքներով պետական գույքի կառավարման համակարգին:

Բոլոր պետական մարմիններին ու կազմակերպություններին, ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին, ՓԲԸ-ներին և այլ առեւտրային կազմակերպություններին պետական գույքը տրվելու է ոչ թե անվճար, այլ՝ վարձակալական հիմունքներով:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում և կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Օրենքի ընդունման դեպքում ցանկացած պետական մարմին յուրաքանչյուր տարի պետք է բյուջետային հայտ ներկայացնի ևւ իր զբաղեցրած գույքի վարձավճարին համապատասխան վարձավճար փոխանցի բյուջետային մեկ այլ տողի: Առնակ Ավետիսյանի խոսքով այս բարեփոխումն ապահովելու է բյուջետային ծախսերի թափանցիկություն և պետական գույքի կառավարման արդյունավետության էական բարձրացում: Այս մոդելը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարզաբանմամբ ժամկետ է սահմանվել մինչեւ 2027 թ. ավարտը, ըստ որի՝ պետական բոլոր մարմինները և կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց անհատույց իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալական պայմանագրի տեսքով վերակնքելու պայմանով: Ըստ զեկուցողի՝ այս գործընթացի արդյունքում պետական գույքի ամբողջ բազան կրկին կգույքագրվի:

«Այստեղ գնագոյացումն է նաև կարեւոր հանգամանք, ինչպե՞ս է հաշվարկվելու վարձակալությունը: Մենք կողմ ենք, որ դա շուկայական պայմաններով հաշվարկվի, այսինքն՝ տարբերություն չլինի պետական մարմնի՞ն ենք տալիս վարձակալության, թե՝ մասնավորին, որ ծախսերի իրական մակարդակը նաև երևա: Քանի որ դա հսկայածավալ գնահատման աշխատանքի, միջոցների և ժամանակի ծախս էր ենթադրում, առաջին փուլում Կառավարությունը որոշել է, որ վարձավճարը հաշվարկվի՝ հիմք ընդունելով շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա ինչ-որ բանաձև: Համակարգը կներդվի, դրանից հետո աստիճանաբար տեսլականն այն է, որ անցում պետք է կատարենք շուկայական արժեքներին»,- նշել է Առնակ Ավետիսյանը:

Հարցի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: