Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող ընկերությունը՝ «Սպայկան», պաշտոնապես հաստատել է, որ արդեն մի քանի օր է՝ ավելի քան 100 բեռնատար կանգնեցվել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը նշել է, որ իրենց իրավաբանները գտնվում են Ռուսաստանում՝ պարզելու պատճառները, հայտնում է «Ազատությունը»։
«Մեզ պաշտոնապես չեն տեղեկացրել՝ ինչ խնդիր է, հարցը նրա մեջ է, որ մեքենաները կանգնեցրել են և որևէ հիմք չեն ասել, չգիտենք, էդ մեքենաները ուղղակի որտեղ որ էդ պահին գտնվել են, իրենք կանգնեցրել են», – նշել է Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է 24 տարվա գործունեության ընթացքում։ Չնայած ռուս իրավապահները թույլ են տվել շուտ փչացող գյուղմթերքը տեղափոխել այլ մեքենաներով, հենց «Սպայկաի» բեռնատարների շարժը մնում է արգելափակված։
«Ռուսաստանի բոլոր քաղաքներում, որտեղ եղել են մեքենաները, մեկ-երկու օրվա մեջ բոլոր մեքենաները կանգնեցրել են ու ասել են՝ «մեքենաները չեն շարժվելու, եթե մեջը բեռ ունեք, բեռները կարող եք ուրիշ մեքենաների մեջ տեղափոխել և տանել հասցնել հասցեատիրոջը»: Ու վարորդները սպասում են հերթական հրահանգին և նաև օգնում են էդ մեքենաների միջի բեռները հասցեատերերին հասցնելու կազմակերպչական գործերում», – հավելել է Բաղդասարյանը։
Ռուսական պաշտոնական աղբյուրները և լրատվամիջոցները առայժմ լռում են այս հարցում։ Հայկական կառույցներն էլ դեռ չեն ներկայացրել հստակ տեղեկություն։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ «Սպայկայի» բեռները ստուգվել և բաց են թողնվել, իսկ ռուսական գործընկեր կառույցից որակի վերաբերյալ ահազանգ չի ստացվել։
Ընկերությունը դիմել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, սակայն վերջիններս դեռևս հավելյալ տեղեկություն չունեն։ Նախորդ շաբաթ ՊԵԿ-ը հրապարակել էր հայտարարություն՝ հորդորելով արտահանումները չձևակերպել ապօրինի պատվիրատուների անվամբ, սակայն պարզ չէ՝ արդյոք դա առնչվում է նաև «Սպայկա»-ին։
Միևնույն ժամանակ շրջանառվում են լուրեր, թե ընկերությունը ֆինանսական պարտավորություններ չի կատարել Ռուսաստանում։ Բաղդասարյանը դա կտրականապես հերքել է՝ նշելով, որ արտահանման բոլոր պայմանավորվածությունները կատարվում են ռուսական խոշոր ընկերությունների հետ։
Խնդիրը ծագել է անցած շաբաթվա վերջին։ Այժմ խաղողի, սալորի և այլ միրգ-բանջարեղենի մթերման ակտիվ շրջանն է, և ավելի քան 100 բեռնատարի կանգնեցումը լրջորեն խաթարում է ընկերության աշխատանքը։ «Սպայկայից» ասել են, որ այս պահին բավարար տեղեկատվություն չունեն՝ պարզելու՝ խնդիրը տեխնիկական, իրավական, թե քաղաքական բնույթ ունի։






