Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ից, Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Անկախության օրվան նվիրված միասնության հանրահավաքը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իրականացրել է մասնակիցների աերոնկարահանման միջոցով հաշվարկ՝ պարզելու միջոցառման իրական մասնակցության ծավալը։ Ըստ իրենց հրապարակած տվյալների՝ 19:31-ի դրությամբ Ազատության հրապարակում և դրա հարակից տարածքներում գտնվել է մոտավորապես 4200 մարդ։
Հաշվարկը կատարվել է մարդկանց անհատական հաշվարկի հիման վրա։
Հաշվարկի ճշգրտությունը ստուգելու համար ներկայացված է նաև մասնակիցների անհատականացնող կետերով տարբերակը, որը նույնպես հնարավոր է ներբեռնել։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։






