Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում իրականացրել են առկա արտադրանքից նմուշառում և ուղարկել մանրէաբանական փորձաքննության։
Ուսումնասիրության արդյունքում «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված չափանիշներին, ինչի հետևանքով համարվել են վտանգավոր սննդամթերք։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, տվյալ արտադրամասում կասեցվել է վերոնշյալ պանրատեսակների արտադրությունը՝ որպես արտադրական գործունեության առանձին գործառույթ, և տնտեսվարողին սահմանվել է ժամկետ՝ արձանագրված խախտումները վերացնելու նպատակով։
Տեսչական մարմնի վերահսկիչը տնտեսվարողին ներկայացրել է պարտադիր կատարման կարգադրագիր՝ պահանջելով արգելել խմբաքանակների իրացումը, կատարել շուկայից հետկանչ, ինչպես նաև ապահովել դրանց ոչնչացումը կամ օգտահանումը։






