Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգման նախագծի հիմնավորվածությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հուշահամալիրի հիմնանորոգումը հիմնավորված չէ, դա պարզապես հերթական թալանի ծրագիր է։
Հուշահամալիրի տնօրենի հետ զրույցում, փաստաթղթերով հիմնավորված խախտումների և շինարարական աշխատանքների պայմանագրով նախանշված ժամանակահատվածում չավարտվելու մասով, նա ընդունեց իմ առաջ բերած հիմնավորումները»,–ասվում է գրառման մեջ։
Մոտ երկու ամիս է մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի նորոգումը։
Համացանցում աղմուկ է բարձրացել հուշահամալիրի նորոգման ոչ պատշաճ կազմակերպման և ընթացքի հետ կապված։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Ծիծեռնակաբերդում՝ խոսելով վերականգման անվան տակ հուշահամալիրին հասցված վնասի չափերի ու հետևանքների մասին։
Տեսանյութ է ներկայացրել նաև «Արթուր Թարխանյանի» անվան կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
«Նայեք՝ քարերը ոնց են պոկել։ Չեն կարողացել պոկել, ջարդելով հանել են։ Չէի հավատում աչքերիս»,-նշել էր նա։






