Հայաստանում ավտոմեքենայի առուվաճառքը հնարավոր է կազմակերպել ամբողջությամբ թվային հարթակում։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ արդեն ուժի մեջ է մտել տրանսպորտային միջոցի առուվաճառքի թվային ձևաչափով կազմակերպման նախաձեռնությունը, հայտնում է Արմենպրեսը:
«Մեր քաղաքացիները, եթե բավարարում են նախատեսված պահանջներին, կարող են ամբողջովին թվային հարթությունում իրականացնել ավտոմեքենայի առուվաճառք։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ արդեն նույնիսկ առաջին գործարքը իրականացվել է թվային հարթակում՝ մեկ օրվա ընթացքում, մինչդեռ նախկինում գործընթացը տևում էր մեկից մինչև երեք օր»։
Սարգսյանի խոսքով՝ նոր համակարգը հնարավորություն է տալիս գործարքն ավարտել րոպեների ընթացքում, առանց հաշվառման քննական ստորաբաժանում այցելելու։ Նա նաև ընդգծեց ֆինանսական առավելությունները․ «Եթե նախկինում քաղաքացիները պետք է վճարեին առուվաճառքի համար 5 հազար դրամ, տեխանձնագրի տրամադրման համար՝ 6 հազար դրամ, ինչպես նաև լրացուցիչ վճարներ՝ համարանիշի և մետաղի համար, ապա թվային հարթակում գործարք կատարելու դեպքում, պահպանելով նույն պետհամարանիշը, քաղաքացիները ազատվում են 12 հազար և 36 հազար դրամ պետական տուրքերից»։






