AM
4 Սեպտեմբեր 2025 - 11:34 AMT

ՊԵԿ–ը կվերահսկի ապրանքների ամբողջական շարժը․ Առաջին փուլում դա կվերաբերի ալկոհոլին և ծխախոտին

Գործադիրը սահմանել է Հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է, որ այս մեխանիզմը թույլ կտա ապրանքների ամբողջական շարժը վերահսկել, ինչը կնպաստի ստվերի կրճատմանը:

Նախագծով հստակեցվում է, թե ինչպես և երբ է տնտեսվարողը պարտավոր ներառել հսկիչ նշանների ու դրանց քանակի վերաբերյալ տվյալները իր հաշվարկային փաստաթղթերում։

Գործարքների ընթացքում հաշվետվական փաստաթղթերում պետք է արտացոլվեն QR կոդերով կամ այլ նույնականացման միջոցներով հսկիչ նշանները՝ ցանկացած դեպքում, երբ մի կազմակերպություն ապրանք է մատակարարում մյուսին։ Այս պահանջը, նախնական փուլում, վերաբերում է երկու ապրանքախմբի՝ ալկոհոլին և ծխախոտին։

Նոր մեխանիզմը պարտադիր կդառնա 2026 թվականի հունվարի 1-ից։

Դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխությունները թույլ կտան տեսնել, թե տվյալ դրոշմավորման ծածկագրով ապրանքը շրջանառության որ փուլում է և ում մոտ է գտնվում (արտադրող/ներմուծող, մատակարար, գնորդ և այլն), ինչպես նաև այդ կարգավորումներով հստակեցվում են, թե շրջանառության շղթայի այս կամ այն փուլում որ տնտեսվարողն է իրավասու իրականացնել ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն՝ դրանց հետագա շրջանառությունը ապահովելու նպատակով։

Կառավարությունը սահմանել է նաև Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերը և կարգը: Նախատեսվում է, որ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը փոխանցվելու է բջջային հավելվածի միջոցով՝ մինչև դրոշմավորված ապրանքը շրջանառությունից հանելը, մասնավորապես, հետևյալ դեպքերում՝ նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքը այլ ապրանքի (այդ թվում՝ կիսաֆաբրիկատի) արտադրության (պատրաստման) մեջ կամ սեփական կարիքների համար օգտագործում, նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի (բացառությամբ խմբային փաթեթավորման և ապրանքի հավաքածուի) մասնակի օտարում, ծառայության մատուցման ընթացքում նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի օգտագործում, եթե դրա արժեքը ներառվում է ծառայության արժեքի մեջ: