Հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը առաջին անգամ փառատոնային ձևաչափով ընդգրկվել է նաև ամերիկյան կինոհարթակներում։
Ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին՝ Նյու Ջերսիի միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ սեպտեմբերի 20-ին այն կներկայացվի Սիեթլի կինոփառատոնում՝ հատուկ ծրագրով, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ ստեղծված «Բումերանգ Մեդիա.ամ» ընկերության այս ֆիլմը իր համաշխարհային պրեմիերան ունեցել է Վենետիկի 81-րդ կինոփառատոնի շրջանակում, այնուհետև ցուցադրվել է մի շարք հեղինակավոր միջազգային կինոփառատոներում, այդ թվում՝ Բելգիայի Գենտում, Արգենտինայի Մար դել Պլատայում և այլուր։
«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» վավերագրական ստեղծագործությունը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի (նախկինում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն), Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC), ինչպես նաև ֆրանսիական Cine+ կազմակերպության աջակցությամբ։
Ֆիլմի պրոդյուսերներն են Անի Որսկանյանը («ԱՎԱ Ֆիլմս») և Զառա Ջյանը («Բումերանգ Մեդիա․ամ»), իսկ ֆրանսիական կողմից համապրոդյուսեր է հանդես եկել Ստեֆան Ժյուրդենը։
Փառատոնի կազմակերիչները, Զառա Ջյանի հետ համագործակցության արդյունքում, վեց ամիս տևած աշխատանքի ընթացքում մշակել են «ԿԻՆՈ ՀԱՅԱՍՏԱՆ. անցյալի և ներկայի եռյակ» (“Kino Armenia: Triad of Phast and Present”) խորագիրը կրող հատուկ ծրագիրը /https://tinyurl.com/3az5wct8/, որում ընդգրկված են երեք հայազգի ռեժիսորների ֆիլմեր՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Ատոմ Էգոյանի «Օրացույցը» և Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով»։
Ծրագիրը նպատակ ունի մշակութային կամուրջ ձևավորել անցյալի և ներկայի միջև՝ միաժամանակ ընդգծելով հայկական կինոյի բազմաշերտությունն ու գեղարվեստական արտահայտչամիջոցների յուրահատկությունը։
Սիեթլում անցկացվող միջոցառումների շրջանակում, ֆիլմերի ցուցադրություններից բացի, նախատեսվել են նաև մի շարք ուղեկցող մշակութային նախաձեռնություններ՝ համերգներ հայ երաժիշտների մասնակցությամբ, հայկական արվեստին նվիրված ցուցահանդես, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությանը վերաբերող թեմատիկ անկյուն։






