AM
5 Սեպտեմբեր 2025 - 08:12 AMT

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Բռնության և ոտնձգության վերաբերյալ կոնվենցիայի վավերացմանը

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիան վավերացնելու օրինագծին։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

«Բռնության եւ ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190 կոնվենցիան պաշտպանում է աշխատողներին եւ այլ անձանց՝ անկախ իրենց պայմանագրային կարգավիճակից, ինչպես նաեւ վերապատրաստվող անձանց, ներառյալ՝ պրակտիկանտները եւ աշակերտները, այն աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել է, կամավորներին, աշխատանք փնտրողներին եւ աշխատանքի դիմողներին:

Կոնվենցիան վերաբերում է նաև գործատուի լիազորություններ, պարտականություններ կամ պատասխանատվություն իրականացնող անձանց:

Այն սահմանում է աշխատանքում «բռնություն եւ ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաեւ անդամ պետության գործողությունները՝ աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու եւ բացառելու ուղղությամբ:

Փոխնախարարի տեղեկացմամբ կոնվենցիան կիրառվում է ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում: Այն կիրառվում է աշխատանքում բռնության եւ ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից:

Կոնվենցիան ստորագրվել է 2019 թվականի հունիսի 21-ին, առայսօր վավերացվել է 50 պետության կողմից:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: