Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն ստացել է օպերատիվ տվյալներ, որ Հայաստանի տարածքում շրջանառվել են կեղծ օղիներ՝ ինքնարժեքից ու շուկայական գներից ցածր գներով։
Իր իրավասությունների շրջանակում վարչությունը մայրաքաղաքում ու մարզերում իրականացրել և համակարգել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ նպատակ ունենալով բացահայտել հանցավոր սխեմաներով ալկոհոլային խմիչքներ արտադրող և իրացնող տնտեսվարողներին։
Մարզերում գործող բազմաթիվ առևտրի կետերում միաժամանակ իրականացված համակողմանի գործողությունների արդյունքում վարչության աշխատակիցները հայտնաբերել են 47 առևտրի կետերում շրջանառվող 1703 շիշ ակնհայտ կեղծ օղի՝ կեղծ ակցիզային դրոշմանիշներով կամ նույնականացման նշաններով։ Ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։ Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ նույնականացման նշանները բազմակի օգտագործվել են։
Իրավախախտման հանգամանքների, ինչպես նաև ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Հավաքագրված տեղեկությունները ներկայումս մանրամասն ուսումնասիրվում են, ինչից հետո կձևավորվեն հաղորդումներ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։ Նշվում է նաև, որ նմանատիպ 14 դեպքով արդեն իսկ քրեական վարույթներ են սկսվել Քննչական կոմիտեում 2025 թվականին։
ՊԵԿ-ը հորդորել է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին՝ իրացնել միայն օրենքով սահմանված կարգով դրոշմավորված ապրանք, ձեռնպահ մնալ անօրինական մեթոդներով գործունեությունից, չփորձել խուսափել հարկերից հանցավոր ձևերով և չվաճառել ցորենի օղի խաղողի օղու անվան տակ, ինչը համարվում է ոչ միայն հարկերից խուսափելու դիտավորություն, այլ նաև սպառողին մոլորեցնելու փորձ։
Բացի արտադրողներից, կոմիտեն նաև կոչ է արել ալկոհոլային խմիչքներ վերավաճառող առևտրի կետերին՝ չգնել և չվաճառել անհայտ ծագմամբ կամ շուկայականից զգալիորեն ցածր գնով օղի։ Գնումներ կատարելիս պահանջել հաշվարկային փաստաթղթեր մատակարարներից։ ՊԵԿ-ը սպառողներին հորդորել է խմիչք գնելիս ուշադրություն դարձնել գներին և E-MARK հավելվածով սկանավորել հսկիչ նշանները՝ համոզվելու համար, որ ապրանքը օրինական ծագում ունի։
Վարչությունը շարունակել է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ինչպես արդեն իսկ կատարված հանցագործությունները բացահայտելու, այնպես էլ դրանց կանխման նպատակով։ Շարունակվում են կեղծ և ստվերային շրջանառվող ամբողջ խմբաքանակի դուրսբերման գործողությունները։ Վարչությունը հետևողականորեն աշխատում է հանցավոր մեխանիզմները և դրանց կազմակերպիչներին բացահայտելու և այս վտանգավոր երևույթը արմատախիլ անելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






