GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով օգոստոսի 25-30-ը հեռախոսազանգերի միջոցով իրականացված հարցման արդյունքները, հայտնել է, որ հարցվածների ավելի քան 34 տոկոսը բացասական է համարում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագրի ստորագրումը, հայտնում է Panorama.am-ը։
Հարցմանը մասնակցել է 1101 քաղաքացի։
Հարցվածների մոտ 55 տոկոսը չի հավատում, որ ստորագրված հռչակագրով երկարատև խաղաղություն կհաստատվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Ըստ արդյունքների՝ հարցվածների 22.8 տոկոսը հռչակագրին տվել է բացարձակ դրական գնահատական, 19.3 տոկոսը՝ որոշ չափով դրական, իսկ 13.6 տոկոսը՝ չափավոր բացասական։ Միևնույն ժամանակ, 7 տոկոսը նշել է, որ դժվարացել է կարծիք հայտնել, իսկ 3.3 տոկոսը հայտնել է, թե տեղյակ չէ նման հռչակագրի գոյության մասին։
Բացի այդ, Սյունիքի տարածքով Ադրբեջանին երթուղի տրամադրելու հարցին մասնակցածների մոտ 60 տոկոսը արձագանքել է բացասական։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






