Պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ թվայնացրել է զինկոմիսարիատների հաշվառման համակարգը։ Հաջորդ զորակոչից ու վարժական հավաքներից սկսած ծանուցումները կլինեն էլեկտրոնային: Այդ մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար Հրաչ Սարգսյանը Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում։
«Քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստին է ուղարկվելու ծանուցումը։ Բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ և ID քարտ, ունեն նաև պաշտոնական էլեկտրոնային փոստ։ Նրանք կարող են ծանուցման բովանդակությանը ծանոթանալ՝ մուտք գործելով azdarar.am կայք և նույնականացնելով իրենց ID-ով»,– նշել է Սարգսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նաև ավելացրել է, որ ծանուցման մասին քաղաքացիները կստանան հաղորդագրություն զինկոմիսարիատում գրանցված հեռախոսահամարին։ Եթե քաղաքացու կողմից ուղարկված ծանուցումը մնում է անարձագանք հինգ օր շարունակ, այն ավտոմատ կերպով ուղարկվում է նաև փոստային եղանակով՝ «Հայփոստ»-ի միջոցով։
«Եթե քաղաքացին չի ծանոթանում էլեկտրոնային փոստով, և չի ստանում նաև փոստային ծանուցումը, ապա համակարգում գործարկվում է հրապարակային ծանուցման մեխանիզմը։ Ծանուցման 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված»,– նշել է Սարգսյանը։






