AM
5 Սեպտեմբեր 2025 - 12:11 AMT

Կասեցվել է «Գետամեջ» թռչնամսի արտադրամասի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական այց են իրականացրել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գործող «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016»» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում՝ կատարելով նմուշառում արտադրանքից։

Նմուշառումն իրականացվել է սառեցված բրոյլեր հավի թևերի և ամբողջական սառեցված բրոյլեր հավի տեսականիներից, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության՝ անվտանգության նորմերը ստուգելու նպատակով։

Լաբորատոր վերլուծության արդյունքում ամբողջական սառեցված բրոյլեր հավի նմուշը (արտադրված 2025 թվականի օգոստոսի 23-ին, պիտանիության ժամկետը՝ 12 ամիս) համապատասխանել է Մաքսային Միության կարգավորումներում սահմանված չափանիշներին։ Միևնույն ժամանակ, սառեցված բրոյլեր հավի թևի նմուշում (արտադրված 2025 թվականի օգոստոսի 25-ին, պիտանիության ժամկետը՝ 6 ամիս) հայտնաբերվել են սալմոնելա ախտածին մանրէների առկայություն, ինչը հակասում է սահմանված պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։