AM
5 Սեպտեմբեր 2025 - 12:45 AMT

The Times–ը՝ Երևանի ճարտարապետության, միստիկ Արարատի և հին մշակույթի մասին

Բրիտանական հեղինակավոր The Times–ը հոդված է հրապարակել Երևանի «ճարտարապետության, Արարատի տեսարանի և հին մշակույթի մասին»։

Նշվում է, որ Երևանը չի գտնվում զբոսաշրջիկների համար պարտադիր այցելությունների ցուցակի վերին հորիզոնականներում, սակայն Հայաստանի մայրաքաղաքը գրավում է իր մթնոլորտով, խորհրդային շրջանի ճարտարապետությամբ, համեղ ուտեստներով և խմիչքներով։

«Երևանը համարվում է աշխարհի ամենահին մշտապես բնակեցված քաղաքներից մեկը, որի շրջակայքում կան հինավուրց տաճարներ ու եկեղեցիներ: Միստիկ Արարատ լեռը հսկում է քաղաքը՝ պարզ օրերին այն հայտնվում է հորիզոնում, կարծես սավառնելով երկնքում, և դյութիչ մի տեսարան է ստեղծում»,–ասվում է հոդվածում։

Հեղինակը խորհուրդ է տալիս այցելել Կասկադ, բարձրանալ մինչև Մայր Հայաստան, զբոսնել Մոսկովյան փողոցով, որտեղ կարելի է տեսնել 1923 թ. Մարտիրոս Սարյանի կտավի խճանկարային տարբերակն աստիճանին, այցելել Ծիծեռնակաբերդ, թեև դա կարող է ծանր տպավորություն թողնել, լինել նաև հայկական շուկայում, Կապույտ մզկիթում և Զվարթնոցի տաճարում։

Հոդվածում անդրադարձ կա նաև Երևանի հյուրանոցներին և սրճարաններին ու ռեստորաններին։