Հուլիսի 10-ին ՀՅԴ անդամների տներում իրականացված խուզարկություններից հետո կալանավորված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 18-ամյա անդամ Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվել է։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ դատավոր Լուսինե Ալավերդյանը որոշել է սահմանել տնային կալանք, հայտնում է Aysor.am-ը։
«Անդրանիկը 2 ամիս տնային կալանքի ներքո է լինելու։ Նրան արգելված է հաղորդակցվել որևէ մեկի հետ»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը։
Չամիչյանի բանտային կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր քննիչը։
Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվել է սթրայքբոլի խաղի սարքավորումներ ունենալու պատճառով։ Նրան մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։ Մի քանի օր անց մեծ մասին ազատ են արձակել։






