AM
6 Սեպտեմբեր 2025 - 07:51 AMT

Կաթողիկոսն ընդունել է Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցներին

Սեպտեմբերի 4-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է սեպտեմբերի 4-7-ն անցկացվող «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Քրիստոնեական Եկեղեցիները և տարբեր միջեկեղեցական կառույցներ։

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորել է միջեկեղեցական այս հավաքի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները, սերտացնելու միմյանց միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու եղբայրության ոգու ամրապնդման ուղղությամբ։ Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ հայոց եկեղեցու և Քույր Եկեղեցիների, հարանվանությունների ու միջեկեղեցական տարբեր կառույցների միջև առկա են ջերմ փոխհարաբերություններ։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց նաև եկեղեցիների պետերին ու հոգևոր առաջնորդներին դժվարին ժամանակներում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության ու զորակցության համար։

Զրույցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց նաև միջեկեղեցական հարաբերություններին առնչվող ներկաների հարցերին։

Մայր Աթոռում մեկնարկել է Միջեկեղեցական համաժողովը՝ նվիրված Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակին։ Սեպտեմբերի 4-7-ն անցկացվող համաժողովին մասնակցում են Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր խոսքում ընդգծել է, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը որոշիչ նշանակություն ունեցավ ոչ միայն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ուղղափառ հավատքի պահպանության, այլև տերունավանդ առաքելության առավել արդյունավորման համար։