ՀԷՑ Վերահսկողական կոմիտեն տեղեկացրել է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ն մատակարար և ծառայություն մատուցող կազմակերպություններին ունեցած պարտքը տեսանելիորեն ավելանալու է՝ հասնելով ևս 3 մլրդ ՀՀ դրամի:
Ըստ ներկայացված զեկույցի, առկա է 5․4 մլրդ ՀՀ դրամի չափով դեբիտորական պարտք, որն առաջացել է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից՝ ընկերությանը մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու հետևանքով:
Ընդհանուր հաշվով, ընկերության դեբիտորական պարտքը կազմել է 7․1 մլրդ ՀՀ դրամ, որից 1 մլրդը բաժին է ընկել ֆիզիկական անձանց, իսկ 6․1 մլրդը՝ իրավաբանականներին:
Մյուս կարևոր տվյալն առնչվել է տրված կանխավճարներին՝ նախանշվելով 8․1 մլրդ ՀՀ դրամի չափով գումար:
Սակայն փաստացի արձանագրվել է, որ 4․2 մլրդ ՀՀ դրամ է կազմում կանխավճարների իրական ծավալը, իսկ 4․4 մլրդ ՀՀ դրամը՝ ընկերության ունեցած պարտքը մատակարարների հանդեպ:
Ըստ «Կասկադ Էներգո» ընկերության տրամադրած պարզաբանման՝ առաջիկա օրերին նախատեսվում է իրականացնել ևս 3 մլրդ ՀՀ դրամի մատակարարում, ինչն իր հերթին նշանակում է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ի պարտքը մատակարար և ծառայություն մատուցող կազմակերպություններին կավելանա լրացուցիչ 3 մլրդ ՀՀ դրամով:
Բացի վերը նշվածից, ՀԷՑ-ը հաշվետվության մեջ ընդգծել է 3 մլրդ ՀՀ դրամի արժողությամբ պահեստում գտնվող ապրանքների առկայությունը:
Պարզաբանվել է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ն, լինելով խոշոր տնտեսություն ՀՀ ամբողջ տարածքում, որի զգալի մասը ֆիզիկապես և բարոյապես մաշված է, կանգնած է վթարների ռիսկի առաջ։ Այդ իսկ պատճառով, և հաշվի առնելով ենթակառուցվածքների կարճ ժամանակում արդիականացման անհնարինությունը, ընկերության սեփականատերը որոշում է կայացրել պահեստներում մշտապես ունենալ անհրաժեշտ նյութերի և սարքավորումների պահուստ՝ արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանք ապահովելու համար:
ՀԷՑ Վերահսկողական կոմիտեն հավելել է, որ պահեստում առկա ապրանքանյութական արժեքները սակագնի հաշվարկի մեջ չեն ներառվում:
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






