ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայացած համերգից հետո բյուջետային մուտքերի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չունի։ Այդ մասին հայտնել են Կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Նախկինում հայտնի էր դարձել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի հաշվարկել՝ որքան գումար կարող է վերադարձվել բյուջե այն համերգից, որի կազմակերպման համար պետական միջոցներից տրամադրվել է 6 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, նախարարությունում խորհուրդ էին տվել հարցով դիմել Պետական եկամուտների կոմիտե։
ՊԵԿ-ից պարզաբանել են, որ շրջանառության հարկ վճարողները ներկայացնում են հայտարարագրեր յուրաքանչյուր եռամսյակ, միկրոբիզնեսի ներկայացուցիչները՝ տարեկան, իսկ ԱԱՀ վճարողները՝ ամենամսյա ձևաչափով։
Կոմիտեն նաև ընդգծել է, որ նման մասշտաբի միջոցառումների տնտեսական հետևանքների վերլուծությունը պետք է իրականացվի երկարաժամկետ դիտարկումների հիման վրա, քանի որ բյուջետային եկամուտները հաճախ արտացոլվում են որոշ ժամանակ անց։ Միաժամանակ, ըստ կոմիտեի, նույնիսկ երբ տվյալները ներառվում են բյուջեում, դժվար է մեկ կոնկրետ միջոցառման ազդեցությունը առանձին նույնականացնել ընդհանուր հարկային մուտքերում։
«Միաժամանակ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ապրանքների մատակարարման կամ դրանց ստացման դեպքում դուրս գրվող հարկային հաշիվներում և հաշվի վավերագրերում չի նախատեսվում անվանում։ Հաշվարկային փաստաթղթերում ծառայության մատուցման, աշխատանքների կատարման, ապրանքների մատակարարման անվանումները լրացվում են հարկ վճարողների կողմից կամայականորեն։ Ուստի կատարված գործընթացները և դրանից առաջացած հարկերը հնարավոր չէ նույնականացնել ու վերագրել վերը նշված համակարգին»,– պարզաբանել է կոմիտեն։
Միևնույն ժամանակ՝ համեմատական վերլուծության նպատակով, ՊԵԿ-ը հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք ստացվել են դրամարկղային մեքենաների գործարքների հիման վրա (կոմիտեն չունի բանկային փոխանցումների տվյալներ)՝ համերգից մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 27-ին, և նախորդ տարվա համեմատելի օրվա՝ 2024 թ. օգոստոսի 4-ի վերաբերյալ։
«Դրանք վերլուծության առումով առավել համադրելի են և կարող են պայմանավորված լինել նշված միջոցառմամբ»,–հայտնել է ՊԵԿ–ը։
ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, 2025 թ. օգոստոսի 3-ին՝ համերգի օրը, կատարվել է 2,139,684 գործարք, իսկ ֆիսկալ եկամուտը կազմել է 8․951 միլիոն դրամ (մոտ 23.4 միլիոն դոլար)։
2025 թ. հուլիսի 27-ին՝ նախորդ կիրակի օրը, գործարքների թիվը եղել է 1,722,833, իսկ ֆիսկալ եկամուտը՝ 6․788 մլն դրամ (մոտ 17.7 միլիոն դոլար), ինչը 32%-ով ցածր է համերգային օրվանից։
2024 թ. օգոստոսի 4-ին՝ նախորդ տարվա համարժեք օրը, արձանագրվել է 1,748,846 գործարք, և ֆիսկալ եկամուտը կազմել է 7․296 մլն դրամ (մոտ 19 միլիոն դոլար), որը 23%-ով պակաս է 2025-ի համերգի օրվա ցուցանիշից։
Նշվել է նաև, որ Լոպեսը շրջագայության շրջանակում ելույթ է ունեցել Ղազախստանում և Ուզբեկստանում։ Աստանայում և Ալմաթիում կայացած համերգներից ստացված բյուջետային մուտքերը կազմել են 1․6 մլն դոլար, իսկ Տաշքենդում տեղի ունեցած համերգը ապահովել է 3․3 մլն դոլարի հարկային եկամուտ։
Ըստ զեկույցի՝ ի տարբերություն Ղազախստանի և Ուզբեկստանի, որոնք պետական ֆինանսավորում չեն տրամադրել նման միջոցառումների համար, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հատկացրել է 6 մլն դոլար Ջենիֆեր Լոպեսի երևանյան ելույթի կազմակերպման համար։
Օգոստոսի 3-ին Երևանում անցկացվել է հանրաճանաչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը՝ որպես նրա «Up all night» համաշխարհային շրջագայության մի մաս։






