AM
8 Սեպտեմբեր 2025 - 07:47 AMT

Իրանի ազգային գրադարանում բացվել է Հայկական անկյուն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարած պատվիրակության՝ Իրան այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ գործարկվել է Հայկական անկյունը, որտեղ ցուցադրվելու է Հայաստանի պատմության ու մշակույթի մասին մոտ վաթսուն անուն գիրք։

ԿԳՄՍ նախարարությունն արդեն տրամադրել է 15 անուն գիրք։ Մի շարք գրքեր Հայկական անկյանը նվիրաբերել են նաև ՀՀ պատվիրակության անդամները:

Նախաձեռնությունն իրագործվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի առաջարկով և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության օժանդակությամբ։

Ընդգծելով նախաձեռնության խորհրդանշական բնույթը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այն, ըստ էության, Հայաստան – Իրան դարավոր բարեկամության, հարևանության և միջմշակութային երկխոսության ևս մեկ վկայություն է»։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև մշակութային կապերը քննարկելիս անհրաժեշտ է հատուկ ընդգծել այն հաստատությունները, որոնք միշտ ծառայել են պատմական հիշողության պահպանմանը։

«Իրանում այդ առաքելությունը ստանձնել է Իրանի ազգային գրադարանը և արխիվը, իսկ Հայաստանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը։ Մատենադարանը, լինելով հայկական և օտարալեզու հազարավոր ձեռագրերի ու հնատիպ գրքերի պահոց, համարվում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քաղաքակրթության անգնահատելի կենտրոն։ Հայաստանի ազգային գրադարանը՝ իր հսկայական գրքային հավաքածուով, կարևոր դեր ունի հայ ժողովրդի գիտական ու գրական հարստության պահպանման և հանրայնացման գործում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Միջոցառման ընթացքում ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին։

Հուշագիրը հիմք է ստեղծելու հայերեն և պարսկերեն հին ձեռագրերի համատեղ ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև գիտահետազոտական համագործակցության ընդլայնման համար։

Արա Խզմալյանը, անդրադառնալով արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործընկերությանը, տեղեկացրել է, որ Մատենադարանը գրադարանից ստացել է մի քանի տասնյակ հատոր ցուցակներ և դեսպանության միջոցով պարբերաբար ուղարկել է իրանագիտական և հայագիտական բնույթի նյութեր։

ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Իրանի ազգային գրադարանների միջև համագործակցության խորացման հնարավորությունը։ Հատուկ ընդգծվել է 2025 թվականի օգոստոսի 19-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, որի շրջանակում նախատեսվում են մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ նախաձեռնություններ ու ծրագրեր։

Ժաննա Անդրեասյանը կարևորվել է նաև գրադարանային ոլորտի մասնագետների վերապատրաստման ու մասնագիտական ներուժի զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։

Թարգմանչական նախաձեռնություններին անդրադառնալով՝ ԿԳՄՍ նախարարը և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի կազմակերպության ղեկավարը կարևորել են հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն գրականության թարգմանությունը և դրանց հանրայնացումը։