ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք։
«2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք, մասնավորապես 2024թ. օգոստոս“ 300,919 զբոսաշրջիկ, 2025թ. օգոստոս 334,396 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 33,477 կամ +11,1%:
Զբոսաշրջային այցելությունների վիճակագրության մեջ այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսը երբևէ գրանցված ամենաշատ Հայաստան այցելած զբոսաշրջիկներով մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներն են»,- գրել է նախարարը։
Ըստ Վիճակագրական կոմիտեի սեպտեմբերի սկզբին հրապարակած տվյալների, 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 907,135։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այցելուների թիվը եղել է 946.162, այսինքն՝ արձանագրվել է ընդհանուր նվազում։






