AM
9 Սեպտեմբեր 2025 - 09:02 AMT

Դանիելյան. Շատ բանկեր հրաժարվում են վարկ տրամադրել արցախցիներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ–ում, դիմելով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին, բարձրացրել է արցախցիներին վարկ տրամադրելու հարցում առաջացած խնդիրները։

«Հայաստանում շատ բանկեր հրաժարվում են վարկ տրամադրել արցախցիներին՝ պատճառաբանելով, որ ինչ-որ մի պահի Արցախում ունեցել են վարկային պարտավորություններ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա հետաքրքրվել է՝ ինչ գործիքներ կամ մեխանիզմներ կարող է կիրառել ԿԲ-ն՝ խնդրին լուծում տալու համար։

Իր պատասխանում Գալստյանը կարևորել է հարցի լուծումը, միաժամանակ ընդգծելով, որ պետք է հասկանալ՝ խոսքը յուրաքանչյուր անհատի կյանքին վերաբերող խնդիրների մասին է։

«Մեծ հաշվով 2020 թվականի պատերազմից հետո բանկային համակարգը փորձում է անընդհատ օգնել թե պատերազմի մասնակիցներին, թե զոհվածաների ընտանիքներին, թե վիրավորներին, թե Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Փորձում ենք սիստեմատիկ ձևով հարցեր լուծել, բայց դա բնավ չի ենթադրում, որ չեն կարող լինել առանձին դեպքեր, որոնց վերաբերյալ անհատական մոտեցումներ են պետք ցուցաբերել։ Եթե կա ու հարցը համակարագային չէ, համոզված եմ, որ համակարգային չէ, այլապես ես տեղյակ կլինեի։ Բանկային համակարգը միլիարդավոր դրամների զիջումներ է արել, դուրսգրումներ, բայց եթե կան անհատական դեպքեր, պետք է առանձին նայել ու լուծում տալ»,- ասել է Գալստյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։