2025 թ. անցած 8 ամիսների ընթացքում ՀՀ–ում 12–ամսյա գնաճը ձևավորվել է նպատակային ցուցանիշից որոշակի բարձր մակարդակում` օգոստոսին կազմելով 3.6 տոկոս։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այդ մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացնելով ԿԲ տարեկան հաղորդումը, որը ներառում է 2 փաստաթուղթ` 2025 թ. 1–ին երկու եռամսյակների և 2024 թվականի դրամավարկային ծրագրի կատարման հաղորդումը։
Գալստյանի բնութագրմամբ` գնաճը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենի հետ։ Բացի այդ, ըստ նրա, տարեսկզբին համահունչ են աճել նաև կարգավորող ծառայությունների, մասնավորապես տրանսպորտի սակագները, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այս ամենին զուգահեռ հիմնարար գնաճի տեսանկյունից հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում` վերջին ամիսներին ձևավորվելով 2–2.5 տոկոսի միջակայքում։ Այս պայմաններում գնաճային սպասումները սկսել են նվազել` մոտենալով թիրախային մակարդակին»,– հայտարարել է նա։
«Մենք կշարորւնակենք մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ ենք ձեռնարկել համարժեք գործողություններ` միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3 տոկոսի մակարդակի և գների կայունության ապահովման համար»,– վստահեցրել է նա։
Նա նաև նշել է, որ ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելը վերջին տարիներին աճել է բավականին մեծ տեմպերով, միայն այս տարվա սկզբից` 20 տոկոսով։
«Զուգահեռ պետք է նշել, որ վատորակ վարկերի տեսակարար կշիռը բանկային համակարգում պատմականորեն երևի թե նվազագույն մակարդակի վրա է»,– ասել է ԿԲ նախագահը։
Բանկերի կապիտալն այս պահին կազմում է 1.8 տրլ դրամ։
Գալստյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական ակտիվություն, որն առավելապես պայմանավորվել է ծառայությունների, շինարարության և առևտրի ոլորտների զգալի աճով, հայտնում է Արմենպրեսը։
«Այդուհանդերձ, երկրորդ կիսամյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում, և տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ 2024 թվականի համար կազմելով 5.9 տոկոս։
Հաշվետու ժամանակահատվածում համախառն պահանջարկը ճշգրտվել է, ևս մոտեցել իր կայուն մակարդակին։ Պահանջարկի կառուցվածքում դիտվել է արտաքին պահանջարկի աճի տեմպի աստիճանական դանդաղում՝ կապված առավելապես զբոսաշրջության հոսքի նվազման հետ։ Փոխարենը զգալիորեն աշխուժացել է ներքին պահանջարկը՝ պայմանավորված մասնավոր սպառման բարձր աճով, որին նպաստել են եկամուտների շարունակական ավելացումն ու նախկինում կուտակված խնայողությունների ծախսումը»,- ասել է Գալստյանը։
Նա հավելել է, որ պահանջարկի աստիճանական դանդաղումն ու աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմել են աշխատաշուկայի պայմանները։ ԿԲ նախագահի խոսքով՝ այս ամենն արտահայտվել է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների կայունացմամբ։
«Գնաճային նման զարգացումների ներքո 2024 թվականին մենք շարունակել ենք աստիճանաբար նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ 2.25 տոկոսային կետով և դեկտեմբերին այն կազմել է 7 տոկոս։ Ընդ որում, նախապատվությունը մշտապես տրվել է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացմանը»,- ընդգծել է ՀՀ ԿԲ նախագահը։
Մարտին Գալստյանը հայտնել է, որ 2024 թվականի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 0.9 տոկոս։






