ARARAT hայկական կոնյակը ևս մեկ անգամ արժանացել է միջազգային ճանաչման` այս անգամ միջազգային հեղինակավոր Maxim ամսագրի կողմից և ստանձնել «շաբաթվա խմիչք» պատվաբեր կարգավիճակը։
Ամսագիրն իր խմբագրի տեղակալ, հայտնի վերլուծաբան Նիկոլաս Սթեչերի հեղինակային հոդվածում ծավալուն անդրադարձ է կատարել ARARAT «Դվին» կոնյակին, ներկայացրել նրա ստեղծման պատմությունը, մատուցման պատմական դրվագները, կոլեկցիոն կոնյակին բնորոշ առանձնահատկությունները և այլն։

Հոդվածը միահյուսված է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանի մեկնաբանություններով, որտեղ նա մասնավորապես նշել է․ «Կան հարյուրավոր նրբություններ, որոնք դարձնում են ARARAT հայկական կոնյակն այսքան առանձնահատուկ: Բայց ըստ իս ARARAT-ի ամենակարևոր գործոնը մարդիկ են, որոնք ստեղծում են այն»։
Հոդվածում նաև տեղ է գտել հայկական կոնյակագործության տաղանդավոր վարպետ Մարգար Սեդրակյանի ստեղծագործական և գիտական ժառանգությունը, նրա մասնագիտական համարձակությունն ու բազմաթիվ ձեռքբերումները։

«Իրապես հաճելի է տեղ գտնել Maxim ամսագրի էջերին, այն էլ նման գլխագրի ներքո։ Այն, որ տասնյակ տարիներ նրբագեղն ու բացառիկը ներկայացնող հեղինակավոր ամսագիրն արժևորում է ARARAT-ը, ևս մեկ վկայություն է, որ ARARAT հայկական կոնյակը, պահպանելով իր անթերի ավանդույթներն ու անմրցելի հատկանիշները, գրավիչ է ամենադժվարահաճ լսարանի համար։ Լիահույս ենք, որ այս հոդվածը կբարձրացնի ARARAT-ի ճանաչելիությունը նրանց համար, ովքեր գնահատում են լավագույնը», – նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարելի է ընթերցել ամսագրի կայքում։






