Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն Ազգային ժողովի նիստում անդրադարձել է կրիպտոակտիվներին, նշելով, որ դրանք պարունակում են զգալի ռիսկեր՝ կարող են օգտագործվել ստվերային կամ անօրինական գործառնությունների ֆինանսավորման համար։ Նա այս տեսակետը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի՝ թեմային վերաբերող հարցին պատասխանելիս։
Պատգամավորն հետաքրքրվել է՝ արդյոք ԿԲ-ն վստահություն ունի կրիպտոարժույթների նկատմամբ և ինչ ապագա է տեսնում դրանց համար Հայաստանում, հայտնում է Sputnik Արմենիան։
Գալստյանը հիշեցրել է, որ կրիպտոարժույթների մասին ԱԺ–ի ընդունված օրենքի համաձայն` ԿԲ–ին տրված է ժամանակ, որպեսզի մշակի ենթաօրենսդրական դաշտը, որն էլ կկարգավորի կրիպտոարժույթներով զբաղվող տարբեր սուբյեկտների գործունեությունը և շրջանակը, ինչ կարող են անել, ինչպես և ինչ սահմաններում։
«Թյուր ընկալում կա կրիպտո, ակտիվ, նորարություն, արհեստական բանականություն բառերի մեջ, ու ինչ տերմիններ ասես, որ չեն խառնվում, միախմբվում մի զամբյուղի մեջ, մինչդեռ դրանք տարբեր երևույթներ են, որոնք տարբեր մոտեցումներ են պահանջում։ Ես կարծում եմ, որ այստեղ չպետք է լինել ո՛չ ծայրահեղ օպտիմիստ, ո՛չ էլ պեսիմիստ, այլ պետք է լինել պրագմատիկ ու պետք է հասկանալ՝ ոնց ենք կառավարում դրանք, որպեսզի նորարարության զարգացմանը զուգակցենք նաև պոտենցիալ ռիսկերի կառավարման մեխանիզմները»,– հայտարարել է նա։
Նա նաև ընդգծել է, որ ԿԲ-ն չի գործում անհատների հետ, այլ հանդես է գալիս ինստիտուցիոնալ մակարդակում։ Անհատների ու կազմակերպությունների հետ ֆինանսական հարաբերությունների հարցերը ենթակա են առևտրային բանկերի որոշմանը։
Պատգամավորի հնչեցրած հաջորդ հարցին՝ արդյոք բանկերը կաշխատե՞ն այն քաղաքացիների հետ, ովքեր ունեն կրիպտոակտիվներ, Գալստյանը պատասխանել է, որ դա կախված է բանկի ռիսկի հանդուրժողականությունից և տվյալ քաղաքացու կարողությունից՝ բացատրելու այդ ակտիվների ծագումն ու ստացման աղբյուրը։
«Եթե կրիպտոն հոսի բանկային համակարգ, ու մենք պատկերացում չունենանք կրիպտոյի ձևավորման աղբյուրի մասին, թե, օրինակ, արդյոք դա Սիրիայում հրթիռների վաճառքի՞ց է գեներացվել, թե Ուկրաինայում երեխաների ներքին օրգանների վաճառքից, ապա ինչպե՞ս կարող է բանկն այդ ռիսկն իր վրա վերցնել»,– ընդգծել է ԿԲ նախագահը։
Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակում բանկային համակարգը պետք է կարողանա խելամիտ մեթոդներով կառավարել ռիսկերն, ու այդ պարագայում կրիպտոակտիվների սպասարկումն ավելի հասանելի և հնարավոր կլինի։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Միայն մեր երկրում կարող ես մայթին արկղ տեսնել, որի վրա կրիպտոարժույթ են վաճառում»։






