AM
9 Սեպտեմբեր 2025 - 11:44 AMT

Կարապետյան․ 3 մլն-անոց երկրում չի կարող լինել 500,000 աշխատանք չունեցող մարդ

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պաշտոնական տվյալներով Հայաստանում արձանագրվել է մոտ 180 հազար գործազուրկ, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներով այդ թիվը հասել է 500 հազարի։

Նա նշել է, որ 3 մլն-անոց երկրում չի կարող լինել 500,000 աշխատանք չունեցող մարդ, հայտնում է Panorama.am-ը։

«Չկա տնտեսական պարզ քաղաքականություն։ «Մեր ձևով» շարժման հիմնական նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն, որպեսզի երկրում վերջապես լուծվի գործազրկության հարցը։ Հավատացեք, գործազրկությունն այնքան մեծ խնդիր չէ, ինչքան մեզ փորձում են ներկայացնել։ 3 մլն-անոց մեր երկրում չի կարող լինել 500 հազար աշխատանք չունեցող մարդ»,— նշել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ է արդյունաբերականացում, պետք է կառուցվեն նոր գործարաններ, որոնք կապահովեն տեղական արտադրանք, ինչն էլ կկրճատի ներմուծման կախվածությունը։

«Տարեկան 4 մլրդ դոլարի մենք ավել ապրանք ենք գնում, քան վաճառում ենք, տարեկան 4 մլրդ դոլարով մենք աղքատանում ենք»,— ասել է Կարապետյանը։

Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։