Երևանի ավագանին սեպտեմբերի 9-ի նիստում հաստատեց մայրաքաղաքի վարչական տարածքում կառուցապատողների համար անշարժ գույքի արտոնություններ սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը: Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, հայտնում է Արմենպրեսը։
«Նախագծի մշակումը պայմանավորված է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից գործնականում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ կառուցվող շենքի նկատմամբ անշարժ գույքի հարկով հարկման մեխանիզմը հաշվարկելու և կիրառելու մասով:
Որոշմամբ կկարգավորվեն դեռևս կառուցման փուլում գտնվող, այսինքն ավարտական ակտ չստացած շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մոտեցումները: Մասնավորապես՝ առկա օրենսդրությամբ սահմանված կարգավորումների համաձայն 2023 թվականից մեկնարկած կառուցապատման ծրագրերի վրա հաշվարկվում է չկառուցված, անավարտ շենքի հարկ: Առկա խնդիրները լուրջ մարտահրավերներ են ստեղծում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում:
Գործող կարգավորումների համաձայն՝ զուգահեռ ավելանում է նաև նոր ու չնախատեսված ֆինանսական բեռ, ի դեմս՝ դեռևս չավարտված և դեռ կառուցման փուլում գտնվող շենքի համար առավելագույն ավարտվածության գործակցով հաշվարկվող անշարժ գույքի հարկի:
Արդյունքում՝ բազմաթիվ կառուցապատողներ կհայտնվեն սնանկության եզրին, հազարավոր ընտանիքներ չեն ստանա խոստացված բնակարանները, կառաջանան ծանր տնտեսական հետևանքներ, երկրի ներդրումային միջավայրը կկրի ռիսկեր, կնվազեն նոր կառուցապատման ծրագրի տեմպերը, ինչը բացասական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի վրա»,-պարզաբանել է Հակոբյանը:
Նա նշել է, որ հաշվի առնելով շինարարության ոլորտում խորացող ճգնաժամերը և աճող սնանկությունները՝ առաջարկվել է հնարավորություն տալ Երևանի ավագանուն որոշում ընդունել՝ անշարժ գույքի հարկի արտոնություններ սահմանելու նպատակով այն կառուցապատողների նկատմամբ, որոնք դեռևս չեն ստացել ավարտական ակտ։
Ըստ նախագծի՝ արտոնություններ սահմանվելու են Երևանում կառուցվող, բայց դեռևս չավարտված բազմաբնակարան շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի գծով։ Մասնավորապես, առաջարկվում է 2023-2025 թվականների ընթացքում հաշվարկված և չվճարված անշարժ գույքի հարկի նկատմամբ կիրառել 25 տոկոսի չափով նվազեցում, ինչպես նաև նույն ժամանակահատվածի համար ազատել սահմանված կարգով հաշվարկված տույժերից։
Բացի այդ՝ նախագծով նախատեսվում են առավել հստակ տարբերակումներ՝ ըստ անշարժ գույքի մակերեսի․
Մինչև 50 հազար քառակուսի մետր մակերես ունեցող գույքի համար՝ 25 տոկոսի չափով գույքահարկի նվազեցում,
Իսկ եթե մակերեսը գերազանցում է 50 հազար քառակուսի մետրը՝ նվազեցումը կկազմի 50 տոկոս։
Սակայն նշված արտոնությունները չեն կիրառվի այն դեպքերում, երբ արտոնություն տրամադրվելուց առաջ կառուցապատողը արդեն իսկ ստացել է ավարտական ակտ կամ շինարարության թույլտվության ժամկետը լրացել է և չի երկարաձգվել սահմանված կարգով։






