«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Երևանի ավագանու նիստում քննադատաբար է անդրադարձել խոշոր կառուցապատողներին գույքահարկի արտոնություն տալու որոշմանը՝ նշելով, որ քաղաքային իշխանությունները երկակի մոտեցում են ցուցաբերում՝ մի կողմից խստացումներ կատարելով, իսկ մյուս կողմից արտոնություններ տրամադրելով։
«Մի կողմից խստացնում եք, մյուս կողմից արտոնություն եք տալիս՝ ասելով, թե Կառուցապատողների ասոցիացիան է դիմել»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Սուքիասյանը հակադարձել է այն հիմնավորմանը, թե շուկայում ճգնաժամ է և բնակարանների վաճառքը նվազել է՝ նշելով, որ նման խնդիր չէր լինի, եթե ժամանակին չափազանց մեծ ծավալի շինթույլտվություններ չտրամադրվեին։
«Ձեզ ո՞վ էր թույլ տվել գույքահարկն այդքան բարձրացնել, ես շինարարներին չեմ մեղադրում, նրանց կարելի է հասկանալ։ Ով էր խնդրում գույքահարկը այդքան բարձրացնել։ Նիկոլ Փաշինյանը մտել էր կենտրոնում ապրողների գրպանները, հաշվում էր, եթե կենտրոնում տուն ունես, կա՛մ գույքահարկ տուր, կա՛մ տունդ ծախի, գնա գյուղում կամ ծայրամասում ապրի։ Կարա՞ք նույն բանը կառուցապատողներին ասեք, չեք կարող»,-ասել է Սուքիասյանը։
Նա վկայակոչել է վերջին վիճակագրությունը՝ նշելով, որ մայրաքաղաքում յուրաքանչյուր 45-րդ բնակիչ ունի օնկոլոգիական հիվանդություն։
«Որովհետև 2 տարվա շինթույլտվությունը դուք հանգիստ երկարաձգում եք 3-4 տարի, ինչ ա եղել, որ, մեկ է այդ փոշին դուք չեք շնչում՝ ստերիլ կաբինետներում նստած, օդորակիչը միացրած»,- ասել է ավագանու ընդդիմադիր անդամը։
Նա նշել է, որ քաղաքային պլանավորման և կառավարման լրջագույն ճգնաժամ կա՝ հիշեցնելով, որ հունիսի 25 ին եղել էր ավագանու նիստը և ինչ էր խանագարում հաջորդ իսկ օրը սկսել դահլիճի վերանարոգումը, որպեսզի քաղաքապետարանի շենքի սրահում չանցկացնեին ավագանու այս նիստը։
«Բա ձեզ ո՞վ է տուգանելու, բա ձեր շինթույլտվությունը ո՞վ է երկարացնելու, որ չեք կարողանում երկու ամսում մի դահլիճ ռեմոնտ անեք։ Սիրելի Երևանցիներ, քաղաքապետարանի շենքից սկսած մինչև քաղաքի ծայրամաս գործ ունենք փնթի մենեջմենտի և երևանցիների հանդեպ անպատասխանատվության հետ»,-հայտարարել է Սուքիասյանը։
Երևանի ավագանին սեպտեմբերի 9-ի նիստում հաստատել է մայրաքաղաքի վարչական տարածքում կառուցապատողների համար անշարժ գույքի արտոնություններ սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը:






