AM
8 June 2009 - 06:15 AMT

Հունիսի 19-21 ԼՂՀ մայրաքաղաքում տեղի կունենա «BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողովը

2009 թ. հունիսի 19-21-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա «BRIDGE ARTSAKH» տնտեսական համաժողովը: Համաժողովը կանցկացվի Արցախի նախագահի բարձր հովանու ներքո եւ Հանրապետության կառավարության աջակցությամբ: Համաժողովի գլխավոր թեման է` «Պետություն եւ բիզնես»` երկխոսությունից դեպի համագործակցություն:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել համաժողովի կազմկոմիտեում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային հարթակներում կհավաքվեն Արցախից եւ Հայաստանից գործարարներ, նախարարներ եւ գործադիր մարմիններ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ սփյուռքից: Այստեղ հնարավոր կլինի քննարկել արդի խնդիրները, գտնել համագործակցության հնարավոր ուղիները, փոխանակել կարծիքները, ծանոթանալ տարածաշրջանի զարգացման հեռանկարների եւ ներդրումային քաղաքականության հնարավորությունների հետ, հաստատել նոր գործնական կապեր:

«BRIDGE ARTSAKH»-ի գլխավոր նպատակն է ` ծանոթանալ Հայաստանի եւ արտերկրի գործնական եւ քաղաքական շրջանակների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական պոտենցիալի հետ: Այդ իսկ պատճառով ֆորումն ունի խիտ գործնական գրաֆիկ, կազմված է սեկցիոն եւ ընդլայնված նիստերից, կլոր սեղաններից: ընդլայնված նիստի հիմնական զեկույցը կներկայացնի Արցախի Ներդրումային հիմնադրամը` ,Արցախի ներդրումային գրավչությունըե թեմայով:

Կլոր սեղանները կանցկացվեն հետեւյալ թեմաներով`Ժամանակակից բիզնես` խնդիրներ եւ հեռանկարներ, ֆինանսական գործիքներն ի օգուտ գործարարների, տրանսպորտային համակարգի զարգացումը, որպես արդյունավետ բիզնեսի նախապայման, շինարարական ոլորտի հնարավորությունները համաշխարհային ճգնաժամի պայմաններում, բիզնես-կրթությունը ժամանակակից տնտեսական պայմաններում, Արցախի ներգնա զբոսաշրջության հեռանկարները

Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ ՄԱՍՏԵՐ” միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը: