ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ռուսաստանյան «Ռոսսելխոզնադզոր» կառույցի հետ անցկացված համատեղ առցանց տեսահսկողության արդյունքում ևս 11 հայաստանյան ծաղիկ արտադրող ընկերություն (մոտ 10 հեկտար տարածքով ջերմոցներով) ստացել է ՌԴ արտահանման արտոնագիր։
Այսպիսով, արդեն 32 կազմակերպություն՝ ընդհանուր մոտ 95 հեկտար ծավալով, իրավունք ունի ծաղիկ արտահանել Ռուսաստան։
Նշվում է, որ առաջիկայում արտոնագրեր կտրամադրվեն նաև նոր արտադրողների։
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ ԵԱՏՄ մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունը պարտադիր է։ Համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 318 որոշման, Ռուսաստանի գործընկերները պարտավոր են մեկ աշխատանքային օրվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորին» տեղեկացնել բեռի նշանակման վայրում ժամանման մասին, որպեսզի հնարավոր լինի իրականացնել անհրաժեշտ հսկողություն։
Ավելի վաղ Ռուսաստանը կասկած էր հայտնել, թե ՌԴ են արտահանվում երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկներ, հարկերից խուսափելու համար արտահանում է իրականացվում մեկօրյա ընկերությունների միջոցով և վնասատու օրգանիզմների առկայություն։ Որոշ ծաղիկ արտադրողների համար ներմուծումը ՌԴ կասեցվել էր։






