ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում տեղեկացրել է, որ նախարարությունը պատրաստվում է դատարան հայցեր ներկայացնել այն անձանց դեմ, որոնք կեղծ լուրեր են տարածում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում իրականացվող վերանորոգման վերաբերյալ։
Անդրեասյանի խոսքով՝ հայցերը շուտով կներկայացվեն, և այդ գործընթացի արդյունքում պարզ կդառնա, թե տարածված տեղեկությունների որ մասն իրականության հետ կապ ունի, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մարդիկ պետք է պատասխան տան նրա համար, ինչ խոսում են, և պետք է պատասխան տան այն բոլոր անհեթեթ, իրականությանը չհամապատասխանող, մարդու արժանապատվությունն ու պատիվը ոտնահարող, թիրախավորող և սա շարունակաբար նպատակաուղղված իրականացնող գործունեության համար»,- նշել է Անդրեասյանը։
Նախարարը ընդգծել է, որ վերանորոգման աշխատանքներն ընթանում են իր անձնական հսկողությամբ։ Նրա խոսքով՝ ավելի քան 60 տարում այստեղ լայնածավալ վերանորոգում չի կատարվել, իսկ ջրահեռացման համակարգում կուտակվել են լուրջ խնդիրներ։ Նա հիշեցրել է նաև, որ 2015-ին տարածքում իրականացվել են «հապշտապ ու հապճեպ աշխատանքներ»։
«Հիմա թանգարանի 10 տարեկան շենքում կան հարցեր, որոնք պետք է պարզապես չլինեին, որովհետև 10 տարին շենքի համար այն ժամանակը չի, որ այդ հարցերն առաջանային»,- հավելել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ իրականացվող միջոցառումները նպատակ ունեն հուշահամալիրն ու թանգարանը բերել պատշաճ վիճակի։ Հուշարձանն ու թանգարանը բաց են բոլոր այցելուների համար, որոնք կարող են անձամբ համոզվել կատարվող աշխատանքների ընթացքի մեջ։
Ավելի վաղ ՀՑԻԹ նախկին տնօրեն Հայ Դեմոյանը գրել էր, որ վերանորոգում իրականացնող շինընկերությունը չի ունեցել համապատասխան լիցենզավորում և փորձ՝ շատ աշխատանքների որակը վիճելի ու խնդրահարույց են: Նա նշել է նաև, որ հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի «արդյունքում հուշարձանին հասցվել է զգալի վնաս, որոշ դեպքերում անվերականգնելի»:






