Հայաստանում գործող մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), հայտնելով իրենց խոր մտահոգությունը Ամուլսարի հանքի նախագծի ֆինանսավորման վերաբերյալ։
ՀԿ-ները հիշեցրել են, որ ՎԶԵԲ-ը որդեգրել է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության սկզբունքներ, որոնք ենթադրում են ներդրումների բացասական ազդեցության բացառում մարդկանց, բնության և համայնքների նկատմամբ։ Սակայն Հայաստանի առկա իրավիճակը հակասել է այդ հանձնառություններին, քանի որ Ամուլսարի հանքի ֆինանսավորումը կատարվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով, որի բաժնետերերից է ՎԶԵԲ-ը։
Հասարակական կազմակերպությունների պնդմամբ՝ այդ կապը ՎԶԵԲ-ին անմիջականորեն պատասխանատու է դարձնում նախագծի սոցիալական ու բնապահպանական հետևանքների համար։
Նրանք ընդգծել են, որ հանքարդյունաբերական ծրագիրը՝
- զուրկ է լիարժեք բնապահպանական և սոցիալական գնահատումից,
- սպառնում է կենսաբազմազանությանը և տեղական համայնքների անվտանգությանը,
- հակասում է Հայաստանի կառավարության դեմ Եվրոպական դատարանի արձանագրած խախտումներին, ինչպես նաև Բեռնի կոնվենցիայի պահանջներին։
ՀԿ-ները ՎԶԵԲ-ին հղած իրենց կոչում պահանջել են՝
- իրականացնել անկախ և հրապարակային ռիսկերի վերլուծություն՝ ընդգրկելով բնապահպանական, սոցիալական, ֆինանսական և հեղինակային ասպեկտները,
- ապահովել, որ Հայաստանի բանկային համակարգում իր ֆինանսական ներգրավվածությունը չուղղվի Ամուլսարի հանքի շահագործմանն աջակցելուն,
- իսկ եթե «Ամերիաբանկը» շարունակի մասնակցությունը ծրագրին, ապա դադարեցնել համագործակցությունը տվյալ ֆինանսական հաստատության հետ։
Կազմակերպությունները մատնանշել են նաև, որ հանքի շուրջ ընթացող զարգացումները լրջորեն սպառնում են ոչ միայն շրջակա միջավայրին և համայնքների բարեկեցությանը, այլև խաթարում են ՎԶԵԲ-ի հեղինակությունը՝ որպես պատասխանատու ներդրող կառույց։
COP17-ի համաժողովից առաջ ՀԿ-ները բաց նամակ են հղել նաև ՀՀ նախագահին, կառավարությանը և Ազգային ժողովին՝ արտահայտելով անհանգստություն՝ Հայաստանի հակասական բնապահպանական քաղաքականության կապակցությամբ։
Բաց նամակին միացած կազմակերպությունների թվում են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Կանաչ Հայաստան», «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, «Համայնքային համախմբման ևև աջակցության կենտրոն», «Հայաստանի անտառներ» ՀԿ, Հայկական բնապահպանական ճակատ, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Փինք» իրավապաշտպան կազմակերպություն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ներ, ինչպես նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը հայտնել է, որ օրեր առաջ նշանակվել է կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիա» ընկերությունում։
2023 թ. հունիսի 6–ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել են, որ պատրաստվում են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։ Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:
Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:






