AM
11 Սեպտեմբեր 2025 - 09:39 AMT

Ուլուբաբյանին առնչվող գործով 3 մարդու մասով նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննությունն արդեն ավարտվել է՝ վերաբերելով մարտի 14-ին Վանաձորում տեղի ունեցած ավազակությանը, որի շրջանակում երեք անձ են ներգրավվել որպես մեղադրյալ։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական միջոցառումների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ համատեղ համակարգված և շարունակական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստացի տվյալներ այն մասին, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինաբար ներթափանցել են Վանաձոր քաղաքում բնակվող Ք.Բ.-ի բնակարան, զենք են ուղղել նրան ու նրա անչափահաս զավակին, ապա սպառնացել են կրակելու և պահանջել են գումար ու ոսկյա զարդեր։ Դրանից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և նրանց է հանձնել յոթ ոսկյա զարդ պարունակող զարդատուփը։

Նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի և Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և նմանատիպ այլ միջոցների ապօրինի շրջանառություն), իսկ Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ավազակությանը օժանդակելու հատկանիշներով։

Ա.Ա.-ի, Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, մինչդեռ Գ.Մ.-ի համար ևս որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, սակայն նա հետախուզման մեջ է գտնվում։

Երեք անձի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է հսկող դատախազին։

Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ այս պահին ենթադրաբար ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքից բացի, որևէ այլ ապացույց գործով ձեռք չի բերվել։ Ուլուբաբյանը մեղադրում էր ոստիկանության աշխատակիցներին՝ իրեն խոշտանգելու մեջ։ Նրա պնդմամբ՝ ազգականի տան վրա կատարված ավազակային հարձակումից հետո իրեն են կասկածել, ոստիկանություն հրավիրել «զրույցի», գիշերը պահել բաժնում և վարչության պետի ներկայությամբ դաժան ծեծի ենթարկել, վիրավորել և նվաստացրել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կալանավորվել է հարձակման գործով։