AM
11 Սեպտեմբեր 2025 - 09:55 AMT

Պապոյան․ ՀՀ–ի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»: Այդպիսի համոզմունք է հայտնել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ առաջիկայում Երևանում սպասվում են մի շարք պատվիրակությունների այցեր, ներառյալ ամերիկյան ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի այցը, որը ներգրավված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Փաստացի գործնական փուլում ենք: Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,– ասել է նախարարը։

Նա հավելել է, որ ամերիկյան կողմը շուտով կժամանի՝ տեղում ուսումնասիրություններ և հաշվարկներ իրականացնելու նպատակով։

«Եվ կմտնենք պրակտիկ փուլ, որի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային տրանսպորտային հաբ»,-ընդգծել է Պապոյանը։

Ըստ նրա՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»:

«Հայաստանը հերիք չէ՝ դեպի ծով ելք չունի, դեռ եղած ցամաքային սահմանների 75 տոկոսն էլ փակ է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ զարմանքի արժանի է, որ փակ սահմանների պայմաններում այսքան տնտեսական աճ է գրանցվել:

Տարբեր գնահատականներ կան, թե ապաշրջափակման դեպքում Հայաստանի տնտեսական աճը որքան կկազմի: Նախարարի խոսքով՝ հիմա հետազոտություններ են պատվիրել:

«Նաև ունենք հետազոտություն, որ Հայաստան ներմուծվող բազմաթիվ ապրանքների գներ էականորեն կիջնեն: Ապրանքներ կան, որոնք Հայաստանը ստիպված է ներմուծել, և դրանք Հայաստանում բավականին թանկ են: Եվ թանկ են այն պատճառով, որ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք»,-ասել է նախարարը:

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։