AM
11 Սեպտեմբեր 2025 - 10:15 AMT

COP 17 համաժողովը 2026-ին կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում

ՀՀ կառավարությունը հաստատել է 2026 թվականին կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP 17-ի անցկացման վայրը։ Համաձայն ընդունված որոշման՝ միջոցառումը կկայանա «Մերիդիան» էքսպոկենտրոնում։

Այս նպատակով նախատեսվում է կնքել պետական գնումների պայմանագիր «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ՝ ծառայությունների մատուցման ուղղությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։

Կառավարությունը տեղեկացրել է, որ արդեն ձևավորվել է կազմկոմիտե, որը պատասխանատու կլինի համաժողովի կազմակերպման և անցկացման համար։

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի գլխավոր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը 2025 թվականի մարտի 3-6-ը այցելել է Երևան։ Այցի ընթացքում, համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում, քննարկվել է նաև միջոցառման անցկացման հնարավոր վայրերի ընտրության հարցը։

«Համաձայն տիկին Շումեյքերի կողմից ստացված գրության՝ «COP 17»-ի անցկացման համար գնահատման չափանիշներին առավել համապատասխանել է «Մերիդիան» էքսպոկենտրոնը»,– նշված է կառավարության որոշման մեջ։

Համաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար 2025 թվականի պետական բյուջեում կիրականացվի միջոցների վերաբաշխում։ Ընդհանուր 5 միլիարդ 775 միլիոն դրամ կուղղվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարական, վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին՝ տարածքը լիարժեքորեն համաժողովի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։