AM
11 Սեպտեմբեր 2025 - 11:53 AMT

ՀՀ–ն կբաժանորդագրվի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին

Կառավարությունը հավանություն է տվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին ՀՀ բաժանորդագրության գործիքին:

Հիմնավորման համաձայն՝ ԵՆԱԲ հիմնադրվել է 2015 թ. Չինաստանի կողմից: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն՝ բարելավելով ենթակառուցվածքները միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, հիմնադիր 57 անդամ երկրներ:

ԵՆԱԲ-ի հիմնական տեսլականը կանաչ ենթակառուցվածքների ստեղծումն է՝ հիմնված նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և կայունություն ապահովելու վրա։

Բանկին բաժանորդագրումը կարևորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ, Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավմամբ կարող են ստեղծվել հնարավորություններ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման համար:

ԵՆԱԲ միանալը ՀՀ հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ:

Նշվել է, որ անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից: