Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով քաղաքացիներին թույլ է տրվում առանց լրացուցիչ բաժանորդագրության՝ բնակարանից դեպի իրենց ավտոտնակ կամ կայանատեղի անցկացնել էլեկտրաէներգիա՝ էլեկտրամոբիլների լիցքավորման նպատակով։
«Էներգետիկայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները վավերացվել են սեպտեմբերի 11-ին կայացած նիստում, հայտնում է Արմենպրեսում։
Փոփոխությունների համաձայն, սպառողին բաշխված էլեկտրաէներգիան կարող է օգտագործվել ոչ միայն սպառման համակարգի տեղադրման վայրում, այլև դրա սահմաններից դուրս՝ սպառողի սեփական ավտոկայանատեղիում կամ բնակելի նշանակության այլ տարածքում, եթե այդ տարածքը գրանցված է որպես առանձին գույքային միավոր: Էլեկտրաէներգիայի միացումը պետք է իրականացվի սպառողի կողմից՝ պահպանելով գործող իրավական ակտերի պահանջները։
«Նախագիծը նախատեսում է էլեկտրամոբիլների լիցքավորման համար ստեղծել նոր հնարավորություններ՝ նույն սպառողի համար տեխնիկական հնարավորությունների դեպքում ապահովելով լիցքավորման կայանի միացումը էլեկտրական ցանցին առանց հավելյալ միացման վճարի», – նշել է նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը։
Նախագծով սահմանվում է նաև, որ էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը լիցենզավորման ենթակա չէ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր անձ կարող է մատուցել նման ծառայություն առանց հատուկ թույլտվության։
Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը։






