AM
12 Սեպտեմբեր 2025 - 10:31 AMT

ՊԵԿ նախագահ․ Թիրախային այցեր են իրականացվում՝ ստուգելով անկանխիկ գործարքները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ ներկայում վերահսկողական աշխատանքները կազմակերպվում են ռիսկերի վերլուծության հիման վրա, որի արդյունքում իրականացվում են թիրախային այցեր՝ ուղղված անկանխիկ գործարքների, ՀԴՄ-ների և այլ ֆինանսական խախտումների բացահայտմանը։

«Կիսում եմ այդ մտահոգությունը, և մեր ստուգումներն էլ են դա բացահայտում։ Եթե գիտեք, անցած տարի բարեփոխում տեղի ունեցավ՝ տարածքային տեսչությունները փակվեցին, և այժմ մեր տեսուչները Երևանում են աշխատում», – նշել է ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով, գործելաոճի փոփոխության արդյունքում կոմիտեն անցել է կանխարգելիչ մոտեցման՝ նպատակ ունենալով հայտնաբերել և կանխել անկանխիկ գործարքների ոլորտում հնարավոր խախտումները։

«Եթե ինչ-որ մեկը չի գործարկում իր անկանխիկ վճարման համակարգերը, մենք վարչական միջոցներով կդիմակայենք դրան», – հավելել է Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ ՊԵԿ-ը պատրաստ է օրենքի սահմաններում գործադրել անհրաժեշտ բոլոր լծակները՝ խախտումներին հակազդելու համար։