Հայաստանը սկսել է հարկային տեղեկատվության փոխանակման գործընթաց 47 պետության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանը:
Նա նշել է, որ միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրումը գտնվում է ավարտական փուլում, գրում է Sputnik Արմենիան։
«ՀՀ ՊԵԿ-ը հավաքագրելու է առևտրային բանկերում և ներդրումային ընկերություններում ոչ ռեզիդենտների մասին տեղեկությունները, մշակելու և փոխանցելու է օտարերկրյա գործընկեր հարկային մարմիններին։ Օրինակ՝ ֆրանսիացու մասին տեղեկատվությունը փոխանցվելու է Ֆրանսիային, Գերմանիայի քաղաքացու մասինը՝ Գերմանիային և այլն, այսինքն՝ ռեզիդենտ երկրին։ Հայաստանյան քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկատվություն այլ երկրի չի փոխանցվելու, միայն փոխադարձության սկզբունքով, այսինքն՝ այդ երկներն էլ ՀՀ քաղաքացիները կփոխանցեն», – ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով, այս համակարգը միտված է հարկային դաշտի թափանցիկության բարձրացմանը, չվճարված հարկերի մուտքագրմանը, արդար հարկային միջավայրի ձևավորմանը և խուսափումներն ու չարաշահումները նվազեցնելուն։
Աննա Թորոսյանը հավելել է նաև, որ եթե որևէ անձ ունի երկքաղաքացիություն, ապա կարևորվում է, թե որ երկրի հարկային ռեզիդենտ է, քանի որ տվյալներն ուղարկվելու են միայն այդ պետությանը։
«Եթե անձը երկքաղաքացի է, ապա կարևոր է, թե որ երկրի հարկային ռեզիդենտ է, այսինքն՝ տվյալն այդ երկրին է միայն տրվում», – նշել է Թորոսյանը։
Բաժնի ավագ տեսուչ Լիա Ղուկասյանը հավելել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների չափի նկատմամբ սահմանափակում չկա, սակայն իրավաբանական անձանց դեպքում որոշ չափորոշիչներ կան։
«Իրավաբանական անձանց գործող հաշիվների դեպքում, եթե տարվա վերջին մնացորդը 250 հազար դոլարից ցածր է, ապա այդ տեղեկությունը չի փոխանակվում», – ընդգծել է Ղուկասյանը։
ՊԵԿ ներկայացուցիչները տեղեկացրել են նաև, որ ավելի քան 120 պետություն արդեն իսկ կիրառում է միասնական հաշվետվողական ստանդարտը։ Հայաստանը սկզբնական փուլում միանալու է 47 երկրի հետ փոխադարձ տեղեկատվության փոխանակման գործընթացին՝ հիմնվելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի կողմից մշակված համաձայնագրի վրա, որը ՀՀ-ն վավերացրել է 2023 թվականին։






