ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդարանում նիստի ընթացքում տեղեկացրել է, որ տևական չոր և շոգ եղանակի հետևանքով Մարմարիկ, Հրազդան, Քասաղ և Ազատ գետերի հոսքը կտրուկ նվազել է։ Այդ պատճառով ոռոգման ջրի պահանջարկը լրացնելու նպատակով, ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորվածից մոտ տաս օր ավելի շուտ ջրբացթողումներ՝ նախորդ տարվա համեմատ։
Նախարարը նշել է. «Հրազդան գետում միջին ամսական հոսքը 2025 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին դիտվել է համապատասխանաբար վայրկյանում 5․6 և 4 խորանարդ մետր, երբ նույն ցուցանիշները 2024-ի համեմատ կազմել են վայրկյանում 6․7 խորանարդ մետր և վայրկյանում 6,5 խորանարդ մետր», հայտնում է 1lurer.am-ը։
Նրա խոսքով՝ խոշոր ջրամբարների լցվածությունը նույնպես էականորեն տարբերվում է անցած տարվա ցուցանիշներից։ 2025 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ դրանց լցվածությունը կազմել է 225 մլն խորանարդ մետր, ինչը մոտ 140 մլն խորանարդ մետրով պակաս է նախորդ տարվա նույն օրերի համեմատ։
Խուդաթյանի խոսքով՝ ոռոգման ջրի պահանջարկի և առկա իրավիճակի վերլուծության արդյունքում անհրաժեշտ է եղել Սևանից վերցնել հավելյալ 30 մլն խորանարդ մետր ջուր։
«Ոռոգման ջրի պահանջարկի, ջրաղբյուրների և առկա վիճակի վերլուծության արդյունքում հանգել ենք Սևանա լճից լրացուցիչ 30 մլն խորանարդ մետր ջրաքանակ վերցնելու անհրաժեշտությանը: Հարկ եմ համարում ընդգծել, որ մենք ևս, ինչպես բոլորը, մտահոգ ենք Սևանա լճի պահպանության հարցով՝ որպես ռազմավարական ջրային պաշար, սակայն Արարատյան դաշտի ինտենսիվ ոռոգվող հողատարածքներում, այլ ջրաղբյուրների բացակայությամբ պայմանավորված, նշված փոփոխության անհրաժեշտությունն է առաջացել»,-նշել է նախարարը։
Խորհրդարանը արտահերթ նիստի շրջանակում շուրջօրյա ռեժիմով քննարկում է գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր ապահովելու նպատակով Սևանից 30 մլն խմ-ով ավելի ջուր վերցնելու հարցը։






