Սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կենտրոնը հայտնել է, որ վարակի տարածումը կանխելու նպատակով իրականացվել են համաճարակաբանական ուսումնասիրություններ և անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Սերտ շփում ունեցած անձանց վիճակի նկատմամբ վերահսկողությունը շարունակվում է տնային այցելություններով։
Մենինգոկոկային վարակը հանդիսանում է սուր վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը մենինգոկոկ մանրէն է։
Այդ հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային եղանակով։
Բնակչության որոշ հատված՝ մոտ 1-10%-ը, կրում է մենինգոկոկը բկանցքում առանց որևէ արտահայտված ախտանիշի, սակայն այս անձինք կարող են վարակը փոխանցել շրջապատին։
Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝
- Բարձր ջերմություն
- Գլխացավի ուժեղացում և պարանոցի կարկամվածություն
- Սրտխառնոց և փսխում
- Ընդհանուր թուլություն, քնկոտություն կամ գիտակցության մթագնում, երբեմն՝ ցնցումներ
- Մաշկի վրա ի հայտ եկող մանուշակագույն կամ կարմիր ցան՝ հիվանդության ուշ փուլում
Մենինգոկոկային վարակից պաշտպանվելու երկու եղանակ կա՝
- պատվաստում
- կանխարգելիչ հակաբիոտիկների կիրառում
«Եղեք ուշադիր գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության»,–ասվում է հաղորդագրության մեջ։






