Սեպտեմբերի 14-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Օսկար Թաթոսյանին, կազմակերպության նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունիին։
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի մարտահրավերները, առանձնակի շեշտադրմամբ՝ բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև համահայկական ներուժի համախմբման անհրաժեշտությանը՝ նպատակ ունենալով հաղթահարել այս բարդ շրջանի դժվարությունները, ինչպես նաև նպաստել հայրենիքի կայունությանն ու զարգացմանը։
Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետևողական գործունեությունը՝ ուղղված հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստան–Սփյուռք կապերի խորացմանը։






