AM
15 Սեպտեմբեր 2025 - 12:41 AMT

Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման հիմնարկեքը կիրականացվի մինչև տարեվերջ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասուլիսում անդրադարձել է մայրաքաղաքում ճանապարհների նորոգման, նոր ճանապարհների կառուցման մեծ ծավալի աշխատանքնեին՝ նշելով, որ միջին նորոգման ծրագիրը փաստացի սկսվել էր 2-3 տարի առաջ: Քաղաքապետի հավաստմամբ՝ ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունների առջև դրվել են նոր որակական պահանջներ, այդ թվում՝ դիտահորերի խնդրի լուծում։

Նա նշել է, որ այս տարի, ամենայն հավանականությամբ, կիրականացվի Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման հիմնարկեքը, ինչը էականորեն կնպաստի խցանումների թեթևացմանը, հայտնում է 1lurer.am-ը։

«Իրականացնելու ենք Գյուրջյան-Մյասնիկյան միացնող ճանապարհի շինարարական աշխատանքները՝ կամ այս տարի կսկսենք, կամ մյուս տարվա սկիզբ: Ունենք Դավթաշեն վարչական շրջանում Տիգրան Պետրոսյան փողոցին զուգահեռ ճանապարհահատվածի, Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի մնացորդային աշխատանքները, ունենք Թբիլիսյան խճուղի-Եղվարդ ճանապարհահատվածը, որտեղ իրականացնում ենք տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, նույնը՝ Ուլնեցու-Ռուբինյանց-Աճառյան ավտոճանապարհին: Նորք-Մարաշը Մյասնիկյան պողոտային կապող էստակադան արդեն կսկսենք իրականացնել, երբ ավարտած կլինենք Գյուրջյան-Մյասնիկյան ճանապարհը, Նորագավիթի Առաջին փողոցը Արտաշատի խճուղու խաչմերուկում էստակադայի նախագծի ֆինանսավորման հարցն ենք քննարկում Կառավարության գործընկերների հետ»,- նշել է Ավինյանը։

Քաղաքապետը հավելել է, որ վերջին երկու տարում հիմնանորոգվել են 17 մանկապարտեզի բակեր, իսկ այս տարի շահագործման է հանձնվելու ևս 6 մանկապարտեզ։ Ներկայումս նախագծման փուլում է 12 մանկապարտեզ, իսկ 5-ի համար մշակվում են նոր նախագծային փաթեթներ։ Հաջորդ փուլում նախատեսվում է էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի իրականացում 38 հանրային շենքերում, որոնց թվում 32 մանկապարտեզ և 6 առողջության կենտրոն։

Ավինյանի խոսքով՝ նախատեսվում է նաև երեք նոր մանկապարտեզի կառուցում Նոր Խարբերդում, Կորեայի ձորում և Ավանում։

Նա առանձնացրել է նաև մի շարք այգիների կառուցման և բարեկարգման ծրագրեր՝ Նոր Նորքում Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից մեծ տարածքում նոր այգու ստեղծում, Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի կենտրոնական այգու կառուցում, Վերածննդի այգու բարեկարգում Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու կապալառուն այս պահին շտկում է առկա խնդիրները, իսկ Տորք Անգեղի այգու և բուսաբանական այգու աշխատանքները ընթանում են բնականոն։

Վարչական շրջաններում կառուցվում է 115 բակ՝ ներառյալ 30 նոր ֆուտբոլի դաշտ։