AM
16 Սեպտեմբեր 2025 - 09:08 AMT

Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ. Նրան զեկուցել են, որ մույթերի նորոգումն ընթանում է ըստ նախագծի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները։ Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների։

Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի այցերը կլինեն շարունակական։

Համացանցում աղմուկ է բարձրացել հուշահամալիրի նորոգման ոչ պատշաճ կազմակերպման և ընթացքի հետ կապված։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Ծիծեռնակաբերդում՝ խոսելով վերականգման անվան տակ հուշահամալիրին հասցված վնասի չափերի ու հետևանքների մասին։

Տեսանյութ էր ներկայացրել նաև «Արթուր Թարխանյանի» անվան կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Նայեք՝ քարերը ոնց են պոկել։ Չեն կարողացել պոկել, ջարդելով հանել են։ Չէի հավատում աչքերիս»,-նշել էր նա։