AM
16 Սեպտեմբեր 2025 - 12:11 AMT

ԿԲ նախագահ. Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ կլուծվեն

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կապված անորոշությունները կլուծվեն շատ կարճ ժամանակում։

Նա այս դիտարկումն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ազդելու ՀՀ ֆինանսական կայունության և ներդրումային գրավչության վրա այն փաստը, որ միջազգային վարկանշային Moody’s գործակալությունն իջեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը, հայտնում է Aysor.am-ը։

«Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ լուծում կստանան, որի արդյունքում ռեյտինգի նվազումը կլինի կարճաժամկետ բնույթ։ Չեմ կարծում, որ դա երկարաժամկետ ազդեցություններ կունենա, առավել ևս՝ ֆինանսական կայունության վրա»,– ընդգծել է Գալստյանը։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։