Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանն ասել է, որ «Թրամփի ուղին» դրական է ընկալվում մեր շուկայի կողմից՝ անդրադառնալով ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությանը, հայտնում է Sputnik Արմենիան։
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին հատկացնելու է 145 միլիոն ԱՄՆ դոլար՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրագործման նպատակով։
«Ինքն իր ազդեցության չափով 145 մլն դոլարը բավականին փոքր գումար է, ՀՀ տնտեսությանը ներկայիս իր ցուցանիշներով կլանելու տեսանկյունից` բավականին փոքր գումար»,– ընդգծել է Գալստյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ նմանատիպ արտաքին ներդրումները Հայաստանի տնտեսության և Կենտրոնական բանկի ընդհանուր քաղաքականության վրա։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դիտարկել ծրագիրը համապարփակ ձևով՝ հասկանալու համար, թե ինչ նպատակներով են ծախսվելու տրամադրվող միջոցները։
«Ընդհանուր ուղերձը, սակայն, որ նման նախաձեռնություն է տեղի ունենում, դրական է ընկալվում մեր շուկայի կողմից այն առումով, որ հնարավոր է ապաշրջափակման վերաբերյալ հետագայում նորություններ լինեն։ Բացի այդ, խաղաղության պայմանագիրն իր վերջնական, տրամաբանական ավարտին հասնի, որն էլ իր հերթին էապես կբարելավի նաև մեր բիզնես միջավայրը»,– կարծիք է հայտնել ԿԲ նախագահը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Սյունիքի մարզով անցնող ռազմավարական տարանցիկ ճանապարհի ստեղծում։ Այն անվանվելու է «Թրամփի ուղի» (TRIPP) և կապահովի Ադրբեջանի առևտրային հասանելիությունը Նախիջևանի ուղղությամբ։ ԱՄՆ-ն այս ճանապարհը վարձակալում է 99 տարով՝ հետագայում ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






