Վրաստանը ամբողջությամբ մարել է արտաքին պարտքը Ռուսաստանի և Փարիզյան ակումբի վեց այլ վարկատու պետությունների նկատմամբ։ Վճարումները կատարվել են 2004 թվականին կնքված համաձայնագրի հիման վրա, որը վերաբերում էր վրացական պարտքի մի մասի վերաֆինանսավորմանը։ Տեղեկությունը ներկայացված է Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում։
Պարտքերի մարման արդյունքում Վրաստանը լիովին վճարել է նաև Թուրքիայի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հանդեպ ունեցած պարտավորությունները։ Օգոստոսի 1-ի դրությամբ այս երկրների հանդեպ ընդհանուր մնացորդը կազմել է մոտ 7,32 մլն դոլար, որից 4 մլն դոլարը՝ Ռուսաստանին, գրում է Sputnik Արմենիան։
Մարված պարտքերի փաթեթը ներառել է մինչև 1999 թվականը կուտակված մոտ 160 մլն դոլարի պարտավորությունները, ինչպես նաև 1999-2004 թթ․ ընթացքում գոյացած տոկոսները։ Բացի այդ, ներառվել են նաև այն պարտքերը, որոնք պետք է մարվեին 2004-2006 թվականներին՝ համաձայն ավելի վաղ հաստատված ժամանակացույցի։
Վերաֆինանսավորումը գործարկվել է 2004 թվականի հունիսի 1-ից և շարունակվել մինչև 2006 թվականի դեկտեմբերի 1-ը։ Ըստ պայմանավորվածության՝ վճարումները նախատեսված էին 20 տարվա ընթացքում։ Արդյունքում Վրաստանի կատարած ընդհանուր վճարումների ծավալը գերազանցել է 225 մլն դոլարը։
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի դրությամբ Վրաստանի պետական պարտքը կազմում է ավելի քան 9 մլրդ դոլար։ Ամենախոշոր պարտապան երկիրը Ֆրանսիան է, որի հանդեպ պարտավորությունները գերազանցում են 850 մլն դոլարը։






